Հունիսյան ճամբարի օրերին «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում ուսումնասիրում ենք մեր արմատները, բարբառները, ծննդավայրը: Այս պատումով կպատմեմ իմ արմատների, ծնողներիս ծննդավայրի, ինչպես նաև Այգեձոր գյուղի մասին:
Հայրս Տավուշի մարզից է՝ Այգեձոր գյուղից, մայրս՝ Լոռիից՝ Կալինինոյից: Մեր տանը հաճախ են հնչում բարբառային բառեր, զրույցներ, խոսակցություններ: Հորս կողմը բոլորը տիրապետում են բարբառին, տատիկս խոսում է հիմնականում հենց բարբառով, հայրս ու հորեղբայրս խոսքի մեջ շատ են օգտագործում բարբառը, իսկ հորաքույրս պատմություններ պատմելիս պատմում է բացառապես բարբառով: Մայրս, կարելի է ասել, չի տիրապետում Լոռվա բարբառին, բայց մայրական տատիկիս խոսակցություններում հաճախ են լսվում բարբառային բառեր: Ես ավելի շատ կապված եմ Տավուշի հետ, շատ եմ սիրում Տավուշի բարբառը, հաճախ ընտանիքիս անդամների խոսակցություններից գեղեցիկ բարբառային բառեր եմ ֆիքսում ու սկսում դրանք օգտագործել խոսքիս մեջ: բոլոր ժամանակների ամենասիրելի արտահայտությունս սա է՝ «սասդ կտրի», ինչը նշանակում է՝ սուս մնա՛, լռի՛ր, քիչ խոսի՛ր: Ընկերներս միշտ ծիծաղում են այդ խոսքիս վրա․․․
Ինձ համար ամենահարազատ գյուղը Այգեձորն է՝ տատիկիս ծննդավայրը: Ընտանիքով և բարեկամներով հաճախ ենք լինում այնտեղ, վերջերս ճամփորդեցի դեպի Տավուշ՝ Այգեձոր, կրթահամալիրի փոքր խմբով, որտեղից նույնպես ունեմ պատում: Այժմ գյուղում ապրում է տատիկիս եղբոր ընտանիքը: Մի քիչ կպատմեմ ձեզ Այգեձորի մասին:
Գյուղը շատ փոքր է, սահմանամերձ, այնտեղ եղած օրերին հաճախ եմ լսել կրակոցներ, որոնցից շատ վախեցել եմ, բայց տեղի երեխաների հետ զրուցելիս նրանք ասում էին՝ «արդեն սովորականա դարձել», որը նաև շատ տխրեցնում էր: Երևանից դեպի գյուղ հասնելու համար պահանջվում է մոտավորապես 5 ժամ: Կա մի ավանդություն, ըստ որի գյուղի անունը հնում եղել է «Ղուլալի», որը կազմվել է օտարալեզու եղբայրների անուններից՝ Ղուլի և Ալի, որից հետո անունը վերափոխվել է ու անվանվել Այգեձոր, քանի որ գյուղը շրջապատված է այգիներով, անտառներով ու գտնվում է ձորի մեջ: Այգեձորի տարեգրությունը մոտավորապես կազմում է 300 տարի: Գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, համարվում է Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունեցող գյուղը, սահմաններ ունի նաև Չինարիի ու Արծվաբերդի հետ: Գյուղում շատ մեծ շուքով նշվում է Վարդավառը, շատ եմ սիրում Վարդավառի տոնին լինել գյուղում, քանի որ իսկապես շատ ուրախ է անցնում: Մեծ շուքով են նշում նաև բերքահավաքը, այդ տոնին հավաքվում են գյուղում բոլորը իրենց բարեկամների հետ, ով գյուղում չէ, անպայման հետ է գալիս, որպեսզի մասնակցի բերքը հավաքելու տոնին, որից հետո, իհարկե, մի լավ «քեֆ» են անում: Տեղացիները շատ մարդասեր ու անկեղծ են: Մի պատմություն կա, ըստ որի աշուղ է անցել գյուղերով ու ամեն գյուղին մի անուն դրել, Այգեձորով անցնելուց հետո ասել է՝ «Ուտող, խմող այգեձորցի»: Տարածքի ամենականգուն եկեղեցին Հռիփսիմե եկեղեցին է, որն արդեն կիսաքանդ է, իսկ այժմ կառուցվում է նորը: Երևի տեղի ամենատարեց մարդը մոտավորապես 98 տարեկան է, իսկ ընդհանուր գյուղում ապրում է գրեթե 1000 մարդ:
Սակայն կուզեի, որ պատմությունը կարդալուց բացի նաև տեսնեք ու վայելեք մեր գյուղի ամբողջ գեղեցկությունն ու բնաշխարհը։



