Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»
Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մըրգաստանի մը նըման…
Մեր Անցեալին թանձրախիտ ստուերներուն մէջ կարծես
Մէյ մէկ պըտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՚երեւան,
Որոնց մէջէն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես…:
Մրգաստանի մը նըման կը սիրեմ քեզ, Հայ Լեզո՛ւ…
Մեր հայրենի պալատէն, պարտէզներէն մընացորդ՝
Դալարագեղ դուն պուրա՜կ, որ դիմացար դարերու
Եւ կը մընաս միշտ առոյգ, հին աւիշով կենսայորդ…:
Ծառերուդ մէջ հովանուտ կ՚երթամ խինդով մ՚անսահման,
Արմատներուդ, ճիւղերուդ վրայ նայելով հիացիկ,
Զարմանալով թէ ի՛նչպէս դուն մընացիր՝ երբ սաստիկ
Քամին քու շուրջըդ փըչեց եւ տապալեց ամէն բան…:
Մէյ մէկ պըտուղ գոյնըզգոյն՝ բոլոր բառե՛րըդ ահա,
Հիւթե՜ղ բառերըդ՝ զոր որքա՜ն հասունցուցին արեւներ,
Բառե՛րըդ որքան այս պահուս շըրթանցըս վրայ եմ բռներ,
Բառերըդ որ քիմքըս կ՚օծեն եւ կ՚սփոփե՜ն սիրտս հիմա…:
Զահրատ «Մեսրոպաբույր»
Խունկ կը բուրեն
Որդան կարմիր ու մագաղաթ կը բուրեն
Վանք կը բուրեն
Ապաշխարանք կը բուրեն
Ծոմ ու մեծ պահք ու ճգնութիւն կը բուրեն
Աւետարան կը բուրեն
Խաչ ու Նարեկ — աղօթք ու ողբ ու շարական կը բուրեն
Մահ կը բուրեն
Հերոսամարտ ու նահատակ կը բուրեն
Արել ու արտ կը բուրեն
Վարդ ու սոխակ — Սայաթ Նովա ու Կոմիտաս կը բուրեն
Կեանք կը բուրեն
Վերազարթնում ու յաղթանակ կը բուրեն
Ուր որ ըլլան հողմացրիւ ուր որ գաղթեն — վարդապե՛տ Քու տառերդ ազատութիւն կը բուրեն
Բանաստեղծությունները նվիրված են Հայաստանին: Երկու բանաստեղծություններում էլ հայաստանի մասին գովք,ը կարոտն ու սերն է արտահայտված: Սակայն բանաստեղծներից մեկը ուշադրությունը գրավում է Հայաստանի բնությամբ, իսկ մյուսը Հայաստանի անվանի մարդկանցով: