Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարի ամփոփում

Հունվարյան ճամբարը ավարտվեց։ Ունեցանք նոր ու սիրելի հիշողություններ, ձեռք բերեցինք բավականին լավ փորձ, ինչպես նաև ավելի լավ հասկացանք ուսուցիչ լինելու դժվարությունները։ Երեխաների հետ աշխատելու փաստը սկզբից դժվար ու անարդյունք էր թվում, բայց պարզվեց՝ շատ ինքնաճանաչողական և հետաքրքիր աշխատանք է։ Երեխաները մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ էին սպասում մեր այցին, մեր դասերի ժամանակ փորձում էին մտապահել պարի շարժումները և պատմածս փաստերը՝ տվյալ պարի վերաբերյալ։ Դե, կարծում եմ, որ անցած պատումներիցս արդեն գիտեք, թե ինչ լավ ընկերներ եմ ձեռք բերել։ Մի խոսքով, էլ երկար-բարակ չխոսեմ. սիրեցի մեր հունվարյան ճամբարը, շրջեցի ու ճանաչեցի մեր այլ դպրոցների փոքրիկներին, ինքս ինձ ու իմ հնարավորությունները ավելի լավ ճանաչեցի։

Կարող եք տեսնել իմ պատրաստած փոքրիկ հոլովակները՝ մեր գեղեցիկ օրերից պատրաստված:

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար։ Առաջին շաբաթ։

Հունվարյան ճամբարի երկար սպասված նախագծային առաջին շաբաթն ավարտվեց։ Ինչ խոսք, հավես ու տպավորիչ էր, երեխաների աչքերում՝ ինչպես իրենք են պատկերացնում, արդեն շա՜տ «մեծ» ենք, իսկ իրականում, դրանք միայն բոլորի փոքր տարիքի «մեծ» պատկերացումներն են. ամեն դեպքում, սիրեցինք իրար ու ընկերացանք մեր կրտսեր դպրոցի աշակերտների հետ։

Իմ ու ընկերներիս դասավանդման առաջին շաբաթը բավական ռացիոնալ ու արագ անցավ, նույնիսկ երեխաների հետ այնքան էինք մտերմացել, որ հենց իրենք՝ մեզ համար խաղեր էին կազմակեպում ու անհամբերությամբ սպասում մեր դասաժամին։

Փոքրիկ հոլովակ եմ պատրաստել Ձեզ համար, որտեղ ներկայացված է մեր հունվարյան ճամբարի առաջին շաբաթվա օրերից մեկը, այնտեղ կտեսնեք մեր և երեխաների մե՜ծ ոգևորությունը։

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար։ Նախագիծ. Պար և երգ

Այս տարվա մեր հունվարյան ճամբարի նախագծային միտքը շատ տարբերվող ու հետաքրքիր է ։ Մենք՝ շրջանավարտներս, պետք է շրջենք դպրոցներով և սովորեցնենք փոքրիկներին այն՝ ինչին տիրապետում ենք։ Ես ընկեներիս հետ միասին փոքրիկներին կսովորեցնեմ ազգային երգն ու պարը։ Կարծում եմ, որ մեր միասնական աշխատանքը շատ գեղեցիկ ու արդյունավետ կլինի։

Պարերից միասին կսովորենք՝ Լորկեն, Տալտալան, Փափուռի, Էջմիածին, Թամզարա։ Սրանք ըստ իս այն պարերն են, որոնք երեխաներին էլ ավելի կհետաքրքրեն,իրենց աշխուժությամբ ու երաժշտությամբ։

Երգերի մասով կարծում եմ, որ փոքրիկները մեզ չեն զիջում, կսովորենք նոր երգեր՝ իրենց երգերին ծանոթանալուց հետո։