Հաճախ են միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում»՝ հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող եմ պնդել, որ քիչ բան գիտենք նաև այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երևանին: Օրինակ՝ Էջմիածինը, այն էլ,երևի, որպես տուրիստական քաղաք: Բայց, չէ, Էջմիածինն էլ չգիտենք: Զարմացա՞ք: Պատմեմ: Քանիսը մեզնից, ձեզնից գիտեն, որ Երևանին այսքան մոտ գտնվող քաղաքում 2013 թ. բացվել է բժիշկ, բանաստեղծ Ռուբեն Սևակին նվիրված թանգարան:
Եղիպատրուշ գյուղը միացել է սիրելի ճամփորդական ուղղությունների շարքին: Կարծում եմ, որ տեսել եք անցած անգամվա պատումս, սակայն չեմ կարող ևս մեկ անգամ չկցել մեր Գոհար տատիկի երգն ու մեր պարը, որը ի դեպ բավականին մեծ արձագանք է ստացել դիտորդների կողմից, Գոհար տատիկը արդեն իսկ ունի 120հազարից ավել դիտումներ:
Ընկերացել ենք գյուղի երեխաների հետ, մեզ դիմավորեցին շատ մեծ ոգևորությամբ:
Մեր Եղիպատրուշի ընկերների մեզ նման պարող ու երգող են, երկա՜ր միասին պարեցինք ու ոգևորվեցինք միմյանցով: Պարացրեցինք նաև 184 դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին, ովքեր այս անգամ միացել էին մեր ճամփորդությանը, կարծում եմ, որ նրանք էլ ոգևորվեցին ու սիրեցին պարը:
Ճամփորդեցինք դեպի Արուճ, որը ինձ համար դեռ չբացահայտված տեղանք էր: Մեր երեխաներից մեկի՝ Ելենայի հարազատ գյուղն էր, մեծ ծանոթացրեց իր ընկերների ու գյուղի նիստուկացի հետ, ինչպես նաև եղանք իրենց գեղեցիկ տանը: Գյուղի դպրոցը հյուրընկալ էր, շրջեցինք, ցանոթացանք աշակերտների ու ուսուցիչների հետ:
Դե որտեղ մենք, այնտեղ պարը: Պարացրեցինք նաև Արուճցիներին:
Գնացինք Վաղաշենի բնապահպանական ճամբար: Բոլոր ճամբարներիս շարքին միացավ նաև այս նոր ու հետաքրքիր հիշողությունը: Մեր այս տարածքում իհարկե եղել էի, բայց դեռ չէի ապրել: Վաղաշենում ապրեցի 3օր իմ նոր փոքրիկ ընկերների հետ: Փորձեցի նաև սովորող-սովորեցնող նախագիծը իրականացնել միջին դպրոցի հետ միասին, դե իրականում, իմ հիմնական ճամբարին մասնակցելու գաղափարն էլ հենց այդ էր, կարծում եմ, որ հաջողեցի:
Սիրեցի միջին դպրոցի նոր ընկերներիս, իրենք էլ ինձ: Պայմանավորվել ենք, որ դպրոցում հանդիպելու ենք: Միասին երգեցինք ու պարեցինք, բոլորը շատ սիրով ու մեծ ոգևորույամբ էին սպասում այդ ժամին:
Հունիսյան ճամբարի նախավերջին օրն անցկացրինք երևանյան քայլքով․․․«Հին Երևան» նախագծի շրջանակում ճամբարային մեկ օրն անցկացրինք Երևանի հին թաղամաս Կոնդում:
Ճիշտն ասած, ես Կոնդում երբեք չէի եղել, ուստի ինձ համար առավել հետաքրքիր էր լինել և քայլել Հին Երևանի այդ կոլորիտային թաղամասում:
Կոնդի բնակիչները, պարզվում է, այնքան էլ գոհ չեն իրենց ապրուստից, կենցաղից, չնայած մեր քայլքի, զրույց-շփումների ընթացքում մենք էլ շատ խնդիրներ բացահայտեցինք։ Մարդիկ նշում են, որ ամեն դեպքում սովորել են իրենց պայմաններին, Կոնդի կյանքին, որտեղ կա լավ հարևանություն, իրենց մեծերի պատմությունը, նրանցից փոխանցված սովորույթները, բազում այլ արժեքներ․․․
Կոնդի նեղլիկ փողոցները մարդիկ գունավորել են, ծաղկապատել, դարձրել հնարավորինս ուրախ, մարդու աչքին հաճելի, տների պատերին կտեսնեք գեղեցիկ գրվածքներ, պատից բուսնած ծաղիկներ, իսկ տների դռները հիմնականում բաց են և հյուրընկալ:
Ահա մեր հաճելի, անմիջական, անկեղծ զրույցից մի հատված՝
Մենք սիրում ենք բացահայտել դեռ չբացահայտվածը․․․Երբևէ լսել էի՞ք Եղիպատրուշ գյուղի մասին, ես նույնպես չէի լսել, բայց պարզվեց, որ իր մեջ բավական մեծ հետաքրքրություն պարունակող բնակավայր է, որը գտնվում է Արագածոտնի մարզում: Եղիպատրուշ գյուղի անվանումը ունի շատ հետաքրքիր բացատրություն, Եղիպատրուշ՝ ցորենի չհասած փունջ։
Դե էլ ինչ ճամփորդություն, առանց տեղացիների հետ շփվելու, առանց կապեր հաստատելու․․․սիրեցի բոլորին, շատ մարդամոտ են գյուղի բնակիչները, ընկերացա իմ հասակակից Քաղցրիկի հետ, հիմա վստահ կարող եմ ասել, որ Եղիպատրուշ գյուղում ընկերուհի ունեմ՝ Քաղցրիկն է: Տեղի դպրոցում որոշները նույնիսկ մեզ հիշում էին, հենց իրենք էլ մեզ ուղեկցեցին դեպի տեղի միջնադարյան եկեղեցի, հուշարձաններ և հուշեցին, թե որտեղ են ապրում գյուղի համ ու հոտով տարեցները, որոնց հետ էլ որոշեցինք իրականացնել մեր բարբառային անուշ զրույցները։
Հանդիպեցինք ու զրուցեցինք բարբառակիր, 82-ամյա Լուսիկ տատիկի, 82-ամյա Վարդգես պապիկի հետ, ում տանը մեզ սուրճ հյուրասիրեցին։ Իսկ ամենատպավորիչը ճանապարհին հանդիպած Գոհար տատին էր, ով մեզ նվիրեց անսահման ուրախ երգ, մեզ ոգևորեց իր անուշ ձայնով ու պարով։ Գոհար տատը 77 տարեկան է, կարծում եմ՝ նա երբեք չի ծերանա…
Մեզ ուղեկցող տեղացի աշակերտները փայլուն գիտեին իրենց գյուղի պատմությունը, հենց իրենք էլ մեզ ներկայացրին գյուղի միջնադարյան եկեղեցին, հին խաչքարերը ու հետաքրքիր պատմություններ պատմեցին։
Եկեղեցին՝
Կարող եք տեսնել Գոհար տատիկին՝
Բարբառային զրույցներից մի հատված՝ Լուսիկ տատիկը տունը, ապրուստը, թոնիրը…
Վերջերս ճամփորդական ուղղություններս ունեն միայն մեկ անուն՝ Սյունիք։ Դե գիտեք, Սյունիքը շատ ենք սիրում, արդեն ճանաչում ենք շատ գյուղեր, տեղացիներին, դեպի Սյունիք տանող ճանապարհները։
Անցած պատումիս մեջ գրել էի, որ հաջորդ անգամ ուզում ենք մնալ հենց ընկեր Վարդանենց տանը, բայց իրականում ընկեր Վարդանենց տանը մնալու համար բավական շատ ենք, ուստի այս անգամ որոշեցինք մնալ իրենց տանը կից մեկ ուրիշ կնոջ տանը, ով ընկեր Վարդանի մայրիկի բարեկամուհին է։
Ճամփորդական ծրագիրը սկսեցինք նախորդ անգամ կիսատ թողած Խոտ գյուղից, որն այս անգամ ամբողջացրեցինք։ Գյուղի դպրոցականների հետ քայլեցինք դեպի Հին Խոտ գյուղ, շուրջ 13 կմ, ինչ խոսք, անբացատրելի գեղեցկություն: Հին Խոտը իսկական ճարտարապետական, մշակութային արժեք է, որը տեսնել է պետք, բառերով դժվար է նկարագրել։
Մեր ճամփորդությունը այս անգամ համեմված էր ծնունդներով, ունեինք երկու ծնունդ՝ ընկեր Վարդանի մայրիկի ծնունդը և մեր Հաջիի ծնունդը: Այդ իմաստով մայիսի 27-ը և 28-ը կրկնակի տոնական օրեր էին մեզ համար։
Երկրորդ օրը՝ մայիսի 28-ը ամբողջովին անցկացրինք Կոռնիձոր գյուղում, գյուղի դպրոցականների և ուսուցիչների հետ։ Օրը սկսեցինք դպրոցից, բակում իրականացրինք միասնական պարուսուցում և երգուսուցում, դպրոցի մարզադահլիճում ունեցանք վոլեյբոլի միասնական խաղ-հանդիպում, այնուհետև քայլեցինք դեպի հին քարանձավային Կոռնիձոր։ Եղանք նաև սահմանին շատ մոտ, ինչպես անցած անգամ: Օտար դրոշներով շրջապատված տարածքներում ապրելը, ստեղծել-արարելը, չվախենալն ու ուրախանալը անբացատրելի հայրենասիրություն է: Սահմանային, ավելի ճիշտ՝ սահմանապահ բնակավայրում ամեն ինչ այլ կերպ ես զգում, ապրում, սկսում ես տարբերակել առաջնայինն ու երկրորդականը, սկսում ես ավելի գնահատել քո ունեցածը, նաև փորձում հասկանալ տեղի բնակիչներին։
Շատ հավես էր նաև երկրորդ օրվա երեկոն, այն, առանց չափազանցելու, դարձավ կյանքիս ամենահիշվող երեկոներից մեկը:Հավաքվել էինք Կոռնիձորի դպրոցի բակում, մեր տեղացի ընկերների հետ միասին սամավարի թեյի ու խարույկի շուրջ զրուցելու: Երգում էինք անսահման, խոսում, ծիծաղում, արտասանում ու շփվում, ճանաչում իրար: Ի դեպ, մենք տեսանք, որ դպրոցի տարածքը շրջապատված էր բարձր պարսպով՝ ուսումն ու շենքը ավելի ապահով դարձնելու համար:
Չեմ կարող ևս մեկ անգամ չնշել, որ սահմանամերձ բնակավայրերում կյանքը և ամենապարզ մարդկային շփումները ուրիշ ձև են զգացվում ու գնահատվում:
Մի խոսքով, կարոտած ճամփորդությունս համարում եմ շատ հաջողված, ստեղծեցի ինձ համար ևս մեկ անմոռանալի, միշտ հիշվող պատմություն․․․վստահ եմ՝ ընկերներս նույնպես: