Рубрика: Ճամփորդություններ

Կարոտիս հետքերով

Այս ամառվա ընթացքում արդեն երրորդ անգամ էի Արատեսում, ամեն անգամ իր հետաքրքիր ու յուրահատուկ հիշողություններով: Այս անգամ վստահ էի, որ ճամփորդությունս հիշվող է անցնելու, գնացել էինք հինգ օրով ու դեռ վերջում էլ չէինք ուզում կտրվել մեր բնության գրկում մեկուսացումից ու իրարից: Ճանապարհը իր գեղեցիկ կանգառներով նույնպես հարազատ էր դարձել: Կանգնառներ ունեինք Հայրավանքում, Արգիճի գետի ավազանում, Եղեգիսի կիրճում, որտեղ նաև փոքրիկ ընդմիջում արեցինք և Զորաց եկեղեցում: Ճամփորդականներով շուտ ճանաչեցինք իրար ու ընկերացանք, մեզ հետ էին նաև մուտք ճամբարի և բաց ճամբարի մասնակիցները: Բարի լույսը առավոտ շուտ էր, չէինք ուզում տեսարանը բաց թողնել, իսկ քունը ուշ էր, չէինք ուզում խարույկի մոտ երգելը, զրուցելը ու իրար ճանաչելը բաց թողնել: Այս անգամ եղանակը այդքան էլ բարենպաստ չէր արշավելու համար, բայց մեր ակտիվության ու տրամադրության շնորհիվ եղանակը մեզ չէր խանգարում օրերը անմոռանալի դարձնել, չնայած մի կողմից էլ անձրևը օգնեց մեզ հետ վերադարձնել այս ընթացքում բոլորիս կողմից կարոտած մարդկային շփումը: Նախագծեր ու քննարկումներ ունեինք իրականացնելու, որոնք բավականին հետաքրքիր էին: Կարդացինք գրաբար, երգեցինք, արշավեցինք ու քանդակներ ստեղծեցինք: Ամսի քսանհինգին վերջապես արև դուրս եկավ ու մենք շարժվեցինք դեպի Արատես գետի ջրհավաք ավազանի ջրվեժ, որտեղ խմբում բոլորս կարծես թե առաջին անգամ էինք: Ճանապարհը բավականին երկար ու բարդ էր, մոտ քառասուն րոպե, բայց վերջնակետը գեղեցիկ էր, հով ու հանգստացնող: Չեմ կարող ևս մեկ անգամ չնշել մեր երեկոների մասին, օրվա ընթացքում նոր երգեր էինք սովորում, խարույկի շուրջ երգելու համար, իսկ երեկոյան ինչքան էլ ցուրտ լիներ, մեկ է բաց չէինք թողնում կրակի շուրջ մեր կատակները, պատմությունները ու մեր ձայնավոր ու բաղաձայն երգեցողությունը վայելելը: Հետ վերադարձի ճանապարհին եղանք Գողթանիկի ջրվեժում ու Հորբատեղի գեյզերներում: Մի խոսքով օրերս շատ լեցուն ու հիշվող անցան, ճանաչեցի շատ հետաքրքիր մարդկանց: Ինչ հետ ենք վերադարձել ընտանիքիս անդամներին ու ընկերներիս անընդհատ պատմում եմ հիշողություններիցս, ընկեներիցս մի քանիսը նույնիսկ ասեցին, որ հաջորդ բաց ճամբարի մասին անպայման տեղեկացնեմ իրենց, որպեսզի միանան մեզ: Կարծում եմ էմոցիաներս դեռ երկար են ուղեկցելու ինձ:

DSC_9658