Рубрика: Ճամփորդություններ

Նշեցինք ընկերներիս նորամուտը

Ուր էլ գնամ, որտեղ էլ ճամփորդեմ, մեկ է ամենահարազատ ու ամենահանգիստ վայրը ինձ համար մնում է Արատեսը: Այնտեղ էի արդեն 7րդ անգամ: Այս անգամ Արատեսում էինք իմ Ակներով ու մուտք ճամբարի անդամներով: Ակներով շատ երգել, պարելու արդյունքում մուտք ճամբարի անդամները շուտ ընտելացան դպրոցի առանձնահատկությունների հետ: Արդեն իսկ առաջին օրվա վերջում պարում ու ուրախանում էինք միայն ազգային երգերի տակ: Երկար-բարակ չպատմեմ, դո գիտեք, որ օրերը Արատեսում բարի են ու տարբերվող: Նոր ընկերներս ու նոր ծանոթություններս համարում եմ հաջողված:

Рубрика: Ճամփորդություններ

Դրոշներով ուղեկցվող ճամփեքով․․․

Արդեն քանի օր է, ինչ վերադարձել ենք Սյունիքից, բայց նոր-նոր կարողանում եմ մտքերս հավաքել, շարադրել և գրել-պատմել ամբողջի մասին: Ճիշտն ասած բավական ժամանակ չէի ճամփորդել, նկատի ունեմ հեռավոր ճամփորդություն, իսկ այս ճանապարհներով չէի ճամփորդել շա՜տ վաղուց, եթե, իհարկե, չհաշվենք փոքր տարիքում, կյանքիս ոչ գիտակից շրջանում ճամփորդելս: 

Դեպի Սյունիք Ճամփորդեցինք ինձ հարազատ դարձած թիմով՝ դասավանդողների հետ միասին: Ճանապարհը բավական երկար էր, բայց արդեն սովոր էինք երկար-բարակ ճամփեքի, բացի այդ ունեցանք շատ կանգառներ՝ տեսնված ու չտեսնված վայրերում՝ Զորաց քարեր /Քարահունջ/, Գորիս քաղաք, Ակսել Բակունցի տուն-թանգարան, Գորիս գյուղ՝ Հին Կյորես, իսկ երեկոյան հասանք Խնձորեսկ։ Այս անգամ գիշերելու համար ունեինք երկու տուն-հյուրատուն, ուստի բաժանվել էինք երկու խմբի: Մեր կացարանը զինվորների զորամասի հարևանությամբ էր, իսկ  մյուս խմբինը՝ ընկեր Թաթուլի ծնողների տանը:

 Կարծում եմ առանց ասելու էլ գիտեք, որ երեկոները ճամփորդությունների ամենագլխավոր-ամենասպասված պահերից են, սակայն այս անգամ այն ուղեկցվեց ոչ թե խարույկի շուրջ զրույցներով, այլ կոպալի նվագակցությամբ երգ ու պարով, պարում էինք շատ, երգում՝ էլ ավելի շատ: Առավոտյան արթնացանք զինվորների զորացրման ուրախության ճիչերից, դե, ինչպես հասկացաք, առավոտը անբացատրելի բարի էր: Արագ նախաճաշեցինք ու քայլեցինք դեպի Խնձորեսկ գյուղի թանգարան, այնտեղից էլ հին-քարանձավային գյուղ՝ ճոճվող կամուրջ, «Ինը մանուկ» կամ Սոնայի աղբյուր, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, քայլք ձորում․․․

 Այդ օրը եղանք նաև Տեղ և Կոռնիձոր գյուղերում, ընկեր Վարդանենց տանը: Տունը մեր խմբի անդամներից մի քանիսի ամենակարոտած վայրն էր, քանի որ նրանք այդտեղ էլի էին եղել, իսկ ես առաջին անգամ էի, բայց արդել որոշել եմ, որ հաջորդ անգամ դեպի Սյունիք ճամփորդելիս, եթե գիշերակաց ընտրելու լինենք, միանշանակ ընտրելու եմ ընկեր Վարդանենց տունը:
Ընկեր Վարդանենց տանը ընթրելուց հետո քայլեցինք դեպի գյուղի սահման, տեսանք նաև հայ-ադրբեջանական նոր սահմանը, որտեղից երևում էին հայկական և ադրբեջանական դրոշները, մեր տղաները, իսկ մի քանի քայլ հեռավորության վրա արդեն թշնամին էր: Չէինք վախենում, հակառակը, հպարտ պարում ու երգում էինք: Երգն ու պարը շարունակեցինք նաև ընկեր Վարդանենց տան բակում՝ փողոցում, հավաքվել էին հարևաններ, երեխաներ, մի խոսքով՝ հավես պահ էր․․․

Այսպես ոգևորված վերադարձանք Խնձորեսկ,մեր կացարան, որտեղ երեկոն ուղեկցվեց երկար սպասված «կուկուռուզ» ուտելով և երկար-բարակ զրույցներով: Մի քանի ժամ քնելուց հետո, ցավոք, պետք է ճանապարհ ընկնեինք դեպի Երևան: Առավոտյան զինվորների հետ միասնական պարերգով հրաժեշտ տվեցինք Խնձորեսկ գյուղին և խնձորեսկցիներին, ինչպես նաև զինվորներին, որից հետո ճամփա ընկանք։ Ճանապարհին ունեցանք կանգառ Շաքիում, զմայլվեցինք Շաքիի գեղատեսիլ ջրվեժով, Որոտանի ափին վայելեցինք մեր քաղցր ձմերուկը ու այդքանով ավարտեցինք մեր հագեցած, ուրախ ճամփորդությունը, չնայած, որ առջևում դեռ երեք ժամ ճանապարհ ունեինք:

Սիրեցի քարանձավային, ժայռերից հյուսված  Սյունիքը, իր ստեղծած հրաշքները, եկեղեցիներն ու պատմական հուշարձաններն ու մշակութային կոթողները, սիրեցի խրոխտ սյունեցիներին, նրանց ստեղծած-պահպանած-ապրող արժեքները․․․սիրեցի սահմանը ամուր պահող սյունեցուն։